ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նա Ադրբեջանից ժամանել է Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i156794-ՌԴ_փոխվարչապետը_Երևանում_է._նա_Ադրբեջանից_ժամանել_է_Հայաստան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2021 13:35 Asia/Tehran
  • ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նա Ադրբեջանից ժամանել է Հայաստան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետներն օդանավակայանից ուղևորվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ կկայանա Օվերչուկի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այսօր երեկոյան Օվերչուկը կմեկնի Երևանից։

Մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։ Վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։

Նախորդ անգամ Օվերչուկը Բաքու էր մեկնել այս տարվա հուլիսին։ Այն ժամանակ էլ էին քննարկվել ղարաբաղյան եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։

Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացնելու Սոչիում:

Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

armeniasputnik.am