Ռուս–իրանական ջերմ հարաբերությունները լայն հնարավորություններ կընձեռեն նաև ՀՀ–ին. իրանագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i162166-Ռուս_իրանական_ջերմ_հարաբերությունները_լայն_հնարավորություններ_կընձեռեն_նաև_ՀՀ_ին._իրանագետ
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռուսաստանի և Իրանի նախագահների մոսկովյան հանդիպմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 13:48 Asia/Tehran
  • Ռուս–իրանական ջերմ հարաբերությունները լայն հնարավորություններ կընձեռեն նաև ՀՀ–ին. իրանագետ

Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռուսաստանի և Իրանի նախագահների մոսկովյան հանդիպմանը։

ՌԴ–ի և Իրանի շահագրգռվածությունը հիմնականում կապված է միջազգային իրավիճակի և երկու պետությունների ռազմավարական համագործակցության խորացման հետ։ Ռայիսիի և մնացած պաշտոնատար անձանց հայտարարություններում մշտապես շեշտվում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների ընդլայման քաղաքականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանը Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ վարում է բանակցություններ և փորձում է հարաբերությունները զարգացնել թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ, որտեղ մեծ պայմանագիր է կնքել Չինաստանի հետ։ Ռայիսին Մոսկվայում բանակցել է նաև ռուս–իրանական մեծ պայմանագրի վերաբերյալ։ ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացումը կարելի է գնահատել նաև այն տեսանկյունից, որ Իրանը Վիեննայում հաջողության չհասնելու դեպքում փորձում է իրեն ապահովագրել Արևմուտքի հետ հարաբերություններում»,– նշեց իրանագետը։

Միսակյանի կարծիքով` Իրանը խուսափելու է որևէ ռազմաքաղաքական կառույցում ընդգրկվելուց, քանզի Թեհրանում որոշակիորեն գիտակցում են, որ շահագրգիռ կողմերից մեկն իրեն կարող է ներգրավել առճակատման մեջ, հետևաբար ձգտում է անկախ արտաքին քաղաքականություն վարել։ Ըստ նրա` նույնիսկ Չինաստանի հետ մեծ պայմանագիրն Իրանում ընդունվեց ոչ միանշանակ։

«Բայց, քանի որ Իրանն ու Ռուսաստանն ունեն նույն հակառակորդն` ի դեմս Արևմուտքի, ապա փորձում են երկկողմ լայն համագործակցություն ծավալել։ Եթե մի կողմ դնենք քսանամյա պայմանագիրը, ապա ակտիվորեն խոսվում է հատկապես ռուսական կողմից սպառազինություն գնելու մասին։ Այդուհանդերձ, Իրանը խուսափելու է որոշակիորեն կախման մեջ ընկնել ՌԴ–ից»,– ասաց իրանագետը։

Միսակյանի գնահատմամբ` ռուս–իրանական ջերմ հարաբերությունները լայն հնարավորություններ կընձեռեն նաև Հայաստանին, քանի որ մեկը մեր ռազմավարական դաշնակիցն է, մյուսը` բարիդրացիական տրամադրություններով հարևանը։

Ըստ նրա` Հայաստանը կարող է նպաստել ԵԱՏՄ–Իրան փոխգործակցությանը ու նաև օգտագործել Իրանի հետ իր ցամաքային սահմանը` գործարկելով Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Մեր երկիրը կարող է նախաձեռնել նաև եռակողմ համագործակցություն տարածաշրջանային ձևաչափով, ինչին Իրանն ու Ռուսաստանը, բնականաբար, դեմ չեն լինի։

Նշենք, որ հունվարի 19-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի երկկողմ բանակցությունները: Սա Ռայիսիի առաջին այցն է Ռուսաստան՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։

Ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել էին առաջիկա քաղաքական շփումները: