Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ-ից հեռացման հիմքերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 25-ին Բելգիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկումներ է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը, հայտնում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:
«Բելգիայի Արտաքին գործերի նախարարության Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը»,–գրել է Թաթոյանը:
Նա անդրադարձել է 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը։
Թաթոյանը շեշտել է, որ խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է գյուղերի մոտից ու ճանապարհներից, քանի որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծում:
«Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,–նշել է Թաթոյանը:
Նա զուգահեռ ներկայացրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է իր առաջարկը:
Թաթոյանն ընդգծել է, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում:
Պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խոշտանգումներին՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը:
armeniasputnik.am