Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք սահմանազատման պարտավորությանը․ Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման գործընթացով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված և եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունը այդ հարցի վերաբերյալ:
«Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը և այս սկզբունքին, այս պարտավորությանը, որ ստանձնել ենք», շեշտեց Արարատ Միրզոյանը:
Արտգործնախարարը նաև հաղորդեց, որ Երևանը այժմ ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկում է անվտանգության այն միջոցները, որոնք, հայկական կողմի կարծիքով, անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանագծին: Հայկական կողմն այդ հարցի առնչությամբ տարբեր առաջարկներ է ներկայացրել, որոնց Բաքուն բացասաբար է արձագանքել, սակայն դա, նախարարի խոսքով, շարունակական գործընթաց է:
.lragir.am/