Սա հակապետական հանցագործություն է․ Հակոբ Սանասարյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i164228-Սա_հակապետական_հանցագործություն_է_Հակոբ_Սանասարյանը_Ամուլսարի_ծրագրի_մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն արդեն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 14:57 Asia/Tehran
  • Սա հակապետական հանցագործություն է․ Հակոբ Սանասարյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն արդեն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով:

Սա թվով հինգերորդն է, նախորդ չորս հայտերից երեքը  մերժվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Մեկը՝ 2020թ․ ստացել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվությունը:   Բնապահպանական հանրությունը վստահ է, որ նոր ջրօգտագործման թույլտվություն չպետք է տրամադրել ընկերությանը, քանի կան չգնահատված ռիսկեր։

«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ տարբեր մասնագետների կողմից բոլոր ռիսկերն ու վտանգները վերհանված են։ Դրանք վերաբերում են և ջրային , և հողային ռեսուրսներին, բուսական և կենդանական աշխարհին, մարդու առողջությանը և սոցիալական վիճակին։

«Եթե Ամուլսարի հանքավայրը շահագործեն,ապա մենք կկորցնեն Արփա և Որոտան գետերը, հարակից աղբյուրները, որոնք կյանք են տալիս տարածաշրջանի բնակավայրերին։ Մենք կկորցնենք նաև Ջերմուկ քաղաքն ՝ իր հանքային ջրերի աղբյուրներով և այլն ։ Կորուստները կլինեն շատ խոշոր»,- մեկ անգամ ևս ընդգծեց մասնագետը և որպես հիմնավորում բերեց հենց «Լիդիան Արմենիա» ընկերության 2016թ․-ի փաստաթուղթը, որում մանրամասն  ամեն բան նկարագրված է։

«Սկզբում ընկերությունն ամեն ինչ կոծկում էր, հետո՝ ստիպված եղավ մի մասը բացել, թե կենդանական , բուսական աշխարհին ինչ վնասներ են սպասվում։ Բացահայտումներ արեց նաև ԷԼԱՐԴ փորձագիտական կազմակերպությունը։ Գրում են, որ մեկ տոննա հանքաքարի համար ծախսելու են 100 գրամ նատրումի ցիանիդ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում տասը  մլն տոննա հանքաքար են շահագործելու, ստացվում է 1000 տոննա նատրումի ցիանիդ։ Բայց ունեն ստորագրված կադաստրային մի փաստաթուղթ, որը երկրաբանական ֆոնդում հնարավոր եղավ գտնել, որտեղ գրված է՝  տարեկան մեկ տոննա հանքաքարի համար ծախսվելու է  400 գրամ նատրումի ցիանիդ։ Ահա նման բազմաթիվ խնդիրներ է փորձում կոծկել ընկերությունը»,- ասաց Սանասարյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը հասկանում է ,թե ինչ է իրեն սպասվում և ինչ հետևանքներ կարող են լինել, եթե հանքավայրը շահագործվի։

«Եթե հանքավայրը շահագործելու փորձ լինի, ապա Ջերմուկի բնակչությունը կտրականապես  դեմ դուրս կգա։ Այս իշխանություններն էլ թքած ունեն ժողովդի վրա։ Նրանք կհայտարարեն, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված են և կարող են ֆիզիկական ուժ գործադրել»,- նշեց Սանասարյանը։

Իսկ առհասարակ, մասնագետի խոսքով, վերջին տարիներին մոտ 35 տոկոսով   հանքարդյունաբերության ծավալները մեծացել են։

«Եթե հանցաշխարհը գրավել է իշխանական լծակներն, ուրեմն այսպես էլ պետք է լիներ։ Մենք էլ, դժբախտաբար, ոչինչ  չենք կարող անել։ Հանք շահագործողները պետությանը վճարում են եկամտահարկ, կան ժամանակավոր աշխատատեղեր, սակայն հանքարդունաբերությունից ստացված եկամտի 98 տոկոսը մնում է հանք շահագործողին։ Սա  հակապետական  հանցագործություն է։ Ես չէի ասի, որ նախկինում ամեն բան կարգին էր, բայց հիմա ավելի սանձարձակ են դարձել։ Երիտասարդները, որոնք պաշտոններ են զբաղեցնում հիմնականուն ոլորտից գաղափար  չունեն, ինչը դժբախտություն է ցանկացած պետության համար»,- ասաց Սանասարյանը։

Նրա համոզմամբ, ոլորտը հնարավոր է բարելավել,եթե քաղաքական կամք և ցանկություն լինի։ Օրինակ՝ օրենքով հանքարդյունաբերության թափոնները չեն հարկվում և շահագործողները պետական գանձարան գումարներ չեն վճարում։ Այս խնդիրը, թեև տարիներ շարունակ բարձրաձայնվում է, սակայն սայլն այդպել էլ տեղից չի շարժվում։

panorama.am