Ոչ թե բանակցում ենք Թուրքիայի, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ. Քոչարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i164600-Ոչ_թե_բանակցում_ենք_Թուրքիայի_այլ_Թուրքիա_Ադրբեջան_միավորի_հետ._Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2022 12:10 Asia/Tehran
  • Ոչ թե բանակցում ենք Թուրքիայի, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Իսկ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո, ըստ Քոչարյանի, մի շարք ապրանքների համար խնդիրներ են լինելու` առաջին 5 տարիներին մեր տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու։

Նրա խոսքով` մինչ օրս չկա լրջագույն հաշվարկ, թե ինչ է լինելու հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո։ Սակայն սա, ըստ Քոչարյանի, չի նշանակում, որ պետք չի դրան գնալ, պարզապես պետք է 3-5 տարվա ծրագիր ունենալ շուկան պաշտպանելու համար։

Քոչարյանը հավելեց, որ հայ–թուրքական սահմանը բացելուց թուրքական կողմը շատ ավելի է շահելու, քան մենք։ Իսկ սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։

armeniasputnik.am