Հայաստանը հավանություն է տվել Սիրիայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջև օդային հաղորդակցություններ հաստատելը և նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը:
Ըստ կառավարության՝ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը:
«Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Համաձայնագրի վավերացումը համարում է նպատակահարմար», - նշված է նախագծում:
aysor.am/