Ադրբեջանական գյուղմթերքի հնարավոր ներթափանցումը հայկական շուկա մտահոգության առիթ է․ փորձագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i165382-Ադրբեջանական_գյուղմթերքի_հնարավոր_ներթափանցումը_հայկական_շուկա_մտահոգության_առիթ_է_փորձագետ
Ուկրաինայից գյուղատնտեսության ոլորտի մասով էական կախվածություն չունենք, հետևաբար գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Հրաչ Բերբերյանը չի կարծում, որ հայկական շուկայի վրա կարող է տեսանելի ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 26, 2022 17:27 Asia/Tehran
  • Ադրբեջանական գյուղմթերքի հնարավոր ներթափանցումը հայկական շուկա մտահոգության առիթ է․ փորձագետ

Ուկրաինայից գյուղատնտեսության ոլորտի մասով էական կախվածություն չունենք, հետևաբար գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Հրաչ Բերբերյանը չի կարծում, որ հայկական շուկայի վրա կարող է տեսանելի ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը։

«Ուկրաինայից լուրջ կախում չունենք՝ սերմերի և պարարտանյութերի ներկրման մասով։  Մեր հիմնական շուկան Իրանն է՝պարարտանյութերի ներկրմամբ, նաև  Ռուսաստանը։ Իսկ բերքն արտահանում ենք Վրաստան։ Այս տարի նաև Ադրբեջանում է վաճառվել Հայաստանի բերքը,մասնավորապես  կարտոֆիլը , վրացիների միջոցով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը։

Փոխարենը Բերբերյանի խոսքով՝ ֆերմերներին մտահոգում է այլ հարց, թե ի՞նչ «գաղտնի» բանակցություններ են ընթանքում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ հայկական շուկայի վրա։ Նրա խոսքով , եթե նախկինում  ֆերմերներին մտահոգում էր միայն  թուրքական շուկայի ներթափանցումը Հայաստան, ապա  հիմա ավելացել է նաև Ադրբեջանը։

«Հատկապես ջերմոցային մշակաբույսերի մասով  ենք մտահոգված ։ Թուրքիայում և Ադրբեջանում պոլիէթիլենային թաղանթի տակ ձմռանն աճեցնում են բանջերեղեն, որը մենք էներգատարներով ենք աճեցնում, այսինքն՝ ջեռուցմամբ։ Իսկ դա  արտադրանքի ինքնարժեքի 65-70 տոկոսն է կազմում։  Հետևաբար, ուզենք,թե ՝ոչ,  արհեստականորեն մեր արտադրանքը մոտ 70 տոկոս ավելի թանկ է նստելու արտադրողի վրա, քան թուրքականը կամ ադրբեջանականը։ Բնականաբար մրցունակ չենք կարող լինել»,- ասաց փորձագետը։

Մասնագետի պարզաբանմամբ՝ Հայաստանի բնակլիմակայան պայմանները թույլ չեն տալիս այդ նույն մեթոդով աճեցնել բանջարաբոստոնային կուլտուրաներ, քանի որ մեր երկրում ցրտահարություններ են լինում։ Արդյունքում ՝ ֆերմերներն ընտրում են ջեռուցման տարբերակը։

Ադրբեջանական գյուղատնտեսական մթերքի հնարավոր ներթափանցումը հայկական շուկա լուրջ մտահոգության առիթ է ֆերմերների շրջանում։

«Ես դեմ չեմ, որ սահմանները բաց լինեն, բայց սահմանները պետք է պաշտպանված  լինեն։ Եթե չենք ուզում, որ մեր գյուղերը դատարկվեն, ապա պետք է կանխել  ադրբեջանական և թուրքական մթերքի հայկական շուկա ներթափանցումը»,- ավելացրեց Բերբերյանը։

Մյուս կողմից էլ արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները և շուտով ֆերմերները կրկին փաստի առջև են կանգնելու։  Մարտի 15-ից արդեն Արարտյան հարթավայրում կսկսվեն սածիլացման աշխատանքները և գյուղատնտեսները կրկին կանգնելու են պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռք բերման խնդրի առջև։

«Պարբերաբար բարձրաձայնվող խնդիրները դեռ լուծում չեն ստացել։ Պարարտանյութը թանկ է, Կառավարությունն էլ ուշացնում է իր որոշումները։ Եթե սուբսիդավորելու են, ուրեմն թող հայտարարեն, դեռ ձայն չեն հանում։ Հիմա պարարտանյութի գինը 17-20 հազար դրամ է, նախկին՝ 6-7 հազարի փոխարեն։ Միջազգային շուկայում գազի գինը թանկացել է, որը հիմնական հումքն է ազոտական պարարտանյութի, հետևաբար նաև պարարտանյութի գներն են բարձրացել»,- նշեց մեր զրուցակիցը։

Գյուղատնտեսության ոլորտի փորձագետի խոսքով՝  Կառավարությունը եթե չաջակցի գյուղացուն, ապա  բերքի անկում կունենանք։

«Գյուղացին մեկ հեկտարի հաշվով , օրինակ՝  օգտագործում է 300-400 կգ պարարտանյութ, հիմա կօգտագործի 100 կգ, ինչն  էապես կանդրադառնա բերքատվության վրա։  Մյուս կողմից էլ դիզվառելիքի գինն է նախորդ տարվանից  թանկացել շուրջ 30 տոկոսով։ Եթե այսպես շարունակվի լավ հետևանքներ չենք ունենա։ Ամեն ինչ անում են, որ գյուղը փակվի»,- ասաց Բերբերյանն ու հիշեցրեց վերջին տարիներին Կառավարության կողմից իրականացվող «անպտուղ» պայքարի միջոցառումներից մեկը․

«Կառավարությունը ձախողեց  հիմնական  միջոցառումը՝ պայքարը մորմազգի ցեցի դեմ։ Կարծում եմ  սա ևս դիվերսիա է հարևան պետությունների կողմից, որ մեր մոտ բանջարեղեն չաճեցնեն։  Արդեն 5-6 տարի է այդ ցեցը կա, Կառավարությունը փողեր է դուրս գրում, բայց այդ ցեցի «հախից  գալ» այդպես էլ չեն  կարողանում։ Այն հիմնականում վնասում է լոլիկին, բադրիջանին և այլ բանջարեղենին»։

Ֆերմերներն իրենց  հույսն իրենց վրա են դրել, քանի որ համոզված են ոլորտը ղեկավարվում է ոչ մասնագետների կողմից։

panorama.am