Էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում. Փոխվարչապետը՝ դրամի արժեզրկման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i165714-Էմոցիոնալ_երևույթ_է_ֆունդամենտալ_որևէ_բան_չի_պարունակում._Փոխվարչապետը_դրամի_արժեզրկման_մասին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ազգային արժույթի որոշակի արժեզրկումը էմոցիոնալ երևույթ է, չի պարունակում որևէ ֆունդամենտալ բան, մակրոփոփոխություն տեղի չի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2022 13:32 Asia/Tehran
  • Էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում. Փոխվարչապետը՝ դրամի արժեզրկման մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ազգային արժույթի որոշակի արժեզրկումը էմոցիոնալ երևույթ է, չի պարունակում որևէ ֆունդամենտալ բան, մակրոփոփոխություն տեղի չի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանի հարցին:

Պատգամավորը խոսեց նոր գնաճային ճնշումների մասին, հետաքրքրվեց, թե նոր գնաճային ճնշումների ֆոնին ի՞նչ սոցիալական ծրագրեր են մշակվում:

«Այո, իհարկե, մի իրավիճակ է ստեղծված աշխարհում, այդ թվում գնաճային երևույթներն այնպիսին են, որ կարծում եմ, հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք: Եվ այդ հարցն օրակարգային է, քննարկվում է: Եվ, ըստ իրավիճակի, միջոցառումներ կիրականացվեն»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով պատգամավորի մտքին, որ ապրիլից գազի սակագինը բարձրանում է՝ փոխվարչապետը հիշեցրեց, որ գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով ապրիլի 1-ից: «Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում իրականության մեջ նույն ծավալի սպառման դեպքում վճարվելիք գումարը չի փոփոխվելու: Մեր սահմանին 165 դոլար գնի պարագայում Եվրոպայում այսօր գինը 1400 դոլար էր, եթե չեմ սխալվում: Այդ իմաստով, կարծում եմ, որ ճնշումները բալանսավորված կլինեն: Բայց, բնականաբար այս իրավիճակի համեմատաբար կոորդինատներն ի հայտ գալու պարագայում կհասկանանք, թե որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ թիրախային աջակցություն իրականացնել, և կիրականացնենք: Ես կարծում եմ, որ բյուջեի պահուստաֆոնդը բավարար է, որ նման միջոցառումներ ֆինանսավորվեն»,-ասաց փոխվարչապետը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև Ուկրաինայից հնարավոր վերադարձող հայրենակիցների համար առանձին աջակցության ծրագրերի քննարկումներ կա՞ն, նա  հիշեցրեց ազգային արժույթի արժեզրկման մասին:

«Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, ես չեմ կարծում, որ կա մի որևէ հատված՝ վերաբերի մարդկանց, կապիտալի, թե ընթացիկ հաշվի շարժի, որ ՀՀ-ն ի վիճակի չլինի այսօր կազմակերպել և ապահովել՝ ըստ մեր հայրենակիցների պահանջի: Դա միանշանակ է, այդ հարցը մեր օրակարգում է և քննարկվում է այս իրավիճակում»,-ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով արժույթի հետ կապված պատգամավորի մտքին՝ Գրիգորյանն ասաց. «Դա էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում: Վստահ եղեք, որ այդպես է: Ոչ մի մակրոփոփոխություն տեղի չի ունեցել, որը նպաստում է արժեզրկման»,-եզրափակեց փոխվարչապետը:

armenpress.am