Որքա՞ն կարժենա Երասխ–Հորադիզ երկաթուղու կառուցումը. փոխվարչապետի պատասխանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i165726-Որքա_ն_կարժենա_Երասխ_Հորադիզ_երկաթուղու_կառուցումը._փոխվարչապետի_պատասխանը
Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման խորացված հաշվարկները դեռ նոր պետք է իրականացվեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2022 14:03 Asia/Tehran
  • Որքա՞ն կարժենա Երասխ–Հորադիզ երկաթուղու կառուցումը. փոխվարչապետի պատասխանը

Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման խորացված հաշվարկները դեռ նոր պետք է իրականացվեն։

 Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի` Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման հաշվարկների և ներդրումների ծավալի վերադարձելիության մասին հարցին։

Մհեր Գրիգորյանը նշեց, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ ներդրումների ծավալը և հաշվել դրա նկատմամբ վերադարձելիությունը։

«Այս ամենից առաջ մենք պետք է ունենանք վերջնական նախագիծը` իր բոլոր դետալներով, որպեսզի ունենանք մանրակրկիտ ներդրումային հաշվարկ։ Ինդիկատիվ թվերի մասին եթե խոսենք` անգամ օտարերկրյա փորձագետների հաշվարկով` այդ թևի վերականգնման աշխատանքների մոտավոր արժեքը 226-230 մլն ԱՄՆ դոլար կարող է կազմել, տևողությունն էլ կլինի 36 ամիս»,– ասաց Գրիգորյանը։

Խոսելով բեռնափոխադրումների մասին, փոխվարչապետն ասաց, որ 3 մլն միջին չափ կա, դա` առանց շրջափակման։ 2 մլն–ը Գրիգորյանի պնդմամբ` ներքին բեռնափոխադրումներն են։

Նա նշեց, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին, նվազագույնը կլինի 5 տոկոս եկամտաբերություն, ինչն, ըստ Գրիգորյանի, վատ չէ։

Նշենք, որ այժմ ստեղծվել է երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը։

Հիշեցնենք, որ երկաթուղու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են 3 երկրի փոխվարչապետները։ Դրա մասին խոսվել էր նաև նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։

Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նույնպես ընդգծել էր տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով:

armeniasputnik.am