Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i165808-Նիկոլ_Փաշինյանը_շնորհավորել_է_ՀՀ_նորընտիր_նախագահ_Վահագն_Խաչատուրյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 12:16 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Խաչատուրյան.

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը:

Կրկին ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն նախագահ»:

armenpress.am