Հայաստանը կարող է դարպաս դառնալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա. Գրիգորյանն` իրանցի նախարարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i165850-Հայաստանը_կարող_է_դարպաս_դառնալ_դեպի_ԵԱՏՄ_մեծ_շուկա._Գրիգորյանն_իրանցի_նախարարին
Հայաստանը կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկայի համար, ինչն էլ իր հերթին կարող է հետաքրքրություն ներկայացնել իրանյան արտահանող բիզնեսների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 14:39 Asia/Tehran
  •  Հայաստանը կարող է դարպաս դառնալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա. Գրիգորյանն` իրանցի նախարարին

Հայաստանը կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկայի համար, ինչն էլ իր հերթին կարող է հետաքրքրություն ներկայացնել իրանյան արտահանող բիզնեսների համար:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը` հավելելով, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավոր ուղղությունները, մտքեր են փոխանակվել համատեղ հնարավոր արտադրությունների հիմնման շուրջ:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հանդիպման սկզբում շեշտել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի բարձր մակարդակի քաղաքական և մշակութային հարաբերություններ: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առևտրատնտեսական հարաբերությունները ևս զարգացնելու և քաղաքական հարաբերությունների մակարդակին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: