Քննարկվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i170664-Քննարկվել_է_հայ_իրանական_առևտրատնտեսական_հարաբերությունների_ընդլայնման_հարցը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2022 16:02 Asia/Tehran
  • Քննարկվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր:

Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանն ընդունել է իրանցի նախարարի գլխավորած պատվիրակությանը:

Կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները:

Գրիգորյանը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ համագործակցության խորացման հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում երկու երկրների համագործակցության առկա ներուժի շուրջ:

Հիշեցնենք, որ հունվարին փոխվարչապետն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Անդրադարձ էր կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին: