Հնչեց նոր զարթոնքի զանգը. Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i170910-Հնչեց_նոր_զարթոնքի_զանգը._Ֆրանսիայի_հրապարակում_մեկնարկել_է_ընդդիմության_հանրահավաքը
Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը` հանուն Արցախի և Հայաստանի։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 01, 2022 14:15 Asia/Tehran

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը` հանուն Արցախի և Հայաստանի։

«Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի սկզբում մի քանի արձանագրում արեց և հիշեցրեց անցնող 1 շաբաթվա իրադարձությունները։

«Անցնող 1 շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը։ Օրվա իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։

Երկրորդ արձանագրումն այն է, որ հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց, և ամբողջ աշխարհին ասաց` ինքն է իր երկրի ու ապագայի տերը, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին։ Փաստել ենք նաև, որ հայ ժողովրդի ճակատագիրն Ալիևից և Նիկոլից կախված չէ։ Մի քանի օր առաջ մենք նաև արձանագրեցինք, որ մայիսի 1-ը հայ ժողովրդի համար պատմական օր է` հայ ժողովրդի զարթոնքի օրն է և մեր միասնականության, համախմբվածության, մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` թեպետ արդեն ցույց են տվել օրվա կառավարությանը, որ վերջինս մանդատ չունի, այժմ էլ պետք է ցույց տալ, որ չունի նաև իշխանություն։

«Շատ կարճ ժամանակում պետք է կապիտուլյանտին կապիտուլյացիայի ենթարկել։ Սա է մեր առջև դրված խնդիրը, և այսօր պատմական օր է, և մենք փաստեցինք` հայ ազգը ծնկի չի եկել, այլ ծնկի էր եկել մի խմբակ, որը երկիրը տարավ պարտության»,- շեշտեց «Դիմադրության» անդամը։

Հանրահավաքի անդամները ծածանում են Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև տարբեր գրություններով պաստառներ, օրինակ` «Շուշին հայկական է»։

Նրանք միասնաբար երգեցին նաև «Զարթնի՛ր, լաո՛» երգը՝ փոքր-ինչ փոփոխված բառերով։

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։

Այդ ընթացքում ընդդիմադիրները մայրաքաղաքում բազմաթիվ բողոքի ակցիաներ ու իրազեկման երթեր են անցկացրել։

https://armeniasputnik.am/