Արտգործնախարար Միրզոյանի այցը Հնդկաստան շատ բարեհաջող էր
Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերջին 30 տարում էապես բարելավվել են, իսկ վերջին երեք տարվա ընթացքում ահռելի աճ է գրանցվել հայ-հնդկական հարաբերությունների բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները:
Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի առիթով «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալը:
Հնդկաստանի դեսպանը շատ դրական է գնահատում այն փաստը, որ բարեկամ երկու երկրները վերջին շրջանում ակտիվորեն փոխանակվում են քաղաքական բարձր մակարդակի այցերով:
Կիշան Դան Դեվալը այս համատեքստում հիշատակել է ինչպես Հայաստանի արտգործնախարարի այցը Հնդկաստան, այնպես էլ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի պաշտոնական այցը Հայաստան 2021 թ. հոկտեմբերին, որն իր խոսքով՝ պատմական իրադարձություն էր հայ-հնդկական հարաբերություններում, քանի որ դա Հնդկաստանի արտգործնախարարի՝ երբևէ Հայաստան կատարած առաջին այցն էր:
«Մեր արտաքին գործերի նախարարի այցը 2021 թ. հոկտեմբերին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն էր Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ուստի սա ինքնին շատ խոսուն փաստ է: Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, որ դրանից գրեթե անմիջապես հետո տեղի ունեցավ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան», - ասել է Հնդկաստանի դեսպանը:
Դեսպան Դեվալի խոսքով՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ապրիլի վերջին տեղի ունեցած աշխատանքային այցը Հնդկաստան շատ բարեհաջող էր: Ի դեպ, սա էլ Հայաստանի արտգործնախարարի առաջին այցն էր Հնդկաստան 12 տարվա ընդմիջումից հետո:
Ըստ դեսպանի՝ նախարար Միրզոյանը շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում արտգործնախարար Ջայշանկարի, վարչապետ Շրի Նարենդրա Մոդիի, գործարար շրջանակների հետ, մասնակցել է «Ռաիսինայի» ռազմավարական երկխոսությանը և այցելել պատմամշակութային նշանավոր կենտրոններ, մասնավորապես՝ Ագրա քաղաք, որտեղ գտնվում է Թաջ Մահալի հռչակավոր դամբարանը, և Ակշարդհամի տաճարը Դելիում:
armenpress.am