Միրզոյանն ու Չավուշօղլուն պայմանավորվել են արագացնել ցամաքային հաղորդակցության բացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i193500-Միրզոյանն_ու_Չավուշօղլուն_պայմանավորվել_են_արագացնել_ցամաքային_հաղորդակցության_բացումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2023 10:04 Asia/Tehran
  • Միրզոյանն ու Չավուշօղլուն պայմանավորվել են արագացնել ցամաքային հաղորդակցության բացումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ։

Չավուշօղլուն այդ մասին հայտարարեց Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

«Երկու կողմերն էլ սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգման արդյունքներն ունեն։ Աշխատանքներ են տարվում, քայլեր կան, որոնք մենք կձեռնարկենք դեպի սահմանային անցակետ տանող ճանապարհների հարցով։ Մենք այսօր պայմանավորվել ենք արագացնել այդ ամենը»,– ասաց Չավուշօղլուն։

Նա հիշեցրեց, որ տվյալ երթուղին պատմական «Մետաքսի ճանապարհն» է, և դրա վերականգնումը կարևոր նշանակություն կունենա:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։