Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը ՀՀ օկուպացված հատվածներից հեռանա. Սարգիս Խանդանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i194464-Հայաստանի_պահանջն_է_որ_Ադրբեջանը_ՀՀ_օկուպացված_հատվածներից_հեռանա._Սարգիս_Խանդանյան
Խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները. թե այդ բանակցությունների շրջանակում և թե դրանից դուրս ընդհանրապես Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը հեռացնի իր զորքերը ՀՀ օկուպացված տարածքներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2023 14:37 Asia/Tehran
  • Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը ՀՀ օկուպացված հատվածներից հեռանա. Սարգիս Խանդանյան

Խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները. թե այդ բանակցությունների շրջանակում և թե դրանից դուրս ընդհանրապես Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը հեռացնի իր զորքերը ՀՀ օկուպացված տարածքներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով բանակցությունների մասին հարցին:

«Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները: Եվ այդ սկզբունքային դիրքորոշումները մեծ հաշվով տեղավորվում են Հայաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանության ներքո, նաև Հայաստանի ներքին գործերին որևէ կողմի չմիջամտելու թեմայի համատեքստում»,-ասաց Խանդանյանը:

Թե կոնկրետ ի՞նչ մասնավոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն կարողանում մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ պատգամավորը չխոսեց՝ նշելով, որ դրա մասին պետք է խոսեն բանակցողները:

«Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները: Եվ հույս ունենք, որ պահը շուտ կմոտենա, և մենք հնարավորություն կունենանք Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիրը»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ նախապայման, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Խանդանյանն ասաց. «Այդ նախապայմանը ոչ միայն խաղաղության բանակցությունների շրջանակում է, այլ՝ ընդհանրապես,  Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված հատվածներից իր զորքերը հեռացնի»:

tert.am