Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i194508-Հայաստանը_բարձր_է_գնահատում_Հնդկաստանի_աջակցությունը_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_խաղաղ_կարգավորմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2023 13:27 Asia/Tehran
  • Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

«Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, եւ հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի եւ դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման հետ:

Բարձր ենք գնահատում նաեւ Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ, ի լրումն արդեն իսկ առկա դժվարությունների, ներկայումս մենք բախվում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության, շարունակական սադրանքների, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ձգտումների: Պատերազմ հրահրող հռետորաբանությունը, Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- փաստել է Հակոբ Արշակյանը: