«Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը
https://parstoday.ir/hy/news/armenia-i194966-Ազատությունն_աշխարհում_զեկույցում_Հայաստանը_պահպանել_է_նախորդ_տարվա_ցուցանիշը
«Freedom House» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2023 թ. զեկույցը.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2023 13:16 Asia/Tehran
  • «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը

«Freedom House» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2023 թ. զեկույցը.

«Հայաստանը զգալի անցումային փուլում է գտնվում 2018-ի զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո, որոնք դուրս մղեցին արմատացած քաղաքական էլիտային։ Նոր կառավարությունը խոստացել է զբաղվել երկարամյա խնդիրների, այդ թվում՝ համակարգային կոռուպցիայի, անթափանց քաղաքականության, թերի ընտրական համակարգի և թույլ օրենքի գերակայության հետ:

Երկիրը շարունակում է լրջորեն տուժել 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտությունից, որի ընթացքում մի քանի ամիս շարունակվում էին Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողության համար պայքարը»։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր: Նախորդ տարվա զեկույցում ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։

Անդրադարձ է կատարվել 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ տեղական և միջազգային դիտորդները ընտրությունները համարել են մրցակցային, լավ կազմակերպված և արդար կազմակերպված, թեև եղել են որոշ խախտումներ:

Քաղաքական կուսակցությունները և ընդդիմադիր խմբերը կարողացել են գործել շատ ավելի ազատ միջավայրում 2018 թվականից ի վեր:

2023 թ. զեկույցում Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 9 միավոր: Վրաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է՝ 58 միավորով:

Թուրքիան ևս դասվել է ոչ ազատ երկրների շարքում՝ 32 միավորով: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի անվտանգային իրավիճակին: «2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակել են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել»,- նշված է փաստաթղթում:

Ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի ճգնաժամին կտրուկ հակադրվում է կազմակերպության միակ «մասամբ ազատ» անդամ Հայաստանին չաջակցելուն, որի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակումների Ադրբեջանի կողմից։