ԱՄՆ առեւտրի նախարարի օգնականը Բաքվում հայտարարել է «Միջին միջանցքի» գաղափարին աջակցելու մասին
ԱՄՆ-ն աջակցում է «Միջին միջանցքի» զարգացմանը։ Այս նախաձեռնության զարգացումը կմեծացնի առեւտրային հնարավորությունները, ապրանքաշրջանառությունը։
АПА-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարարի՝ գլոբալ շուկաների հարցով օգնական, Արտաքին առեւտրային ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանը: «ԱՄՆ-ն կարող է աջակցել այս նախաձեռնությանը՝ կիսելով իր փորձը լոգիստիկայի եւ տրանսպորտի ոլորտում, իսկ ԱՄՆ մասնավոր ընկերությունները կարող են ակտիվորեն կիսել իրենց փորձը»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն մասնավոր ընկերություններին ցուցումներ չի տալիս, թե որ երկրում կամ տարածաշրջանում ներդրումներ կատարեն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի բոլոր շրջաններում իր ընկերությունների գործունեությանը։
Հիշեցնենք, որ «Միջին միջանցքը» երթուղի է, որը նպատակ ունի միացնել Եվրոպան եւ Ասիան։ Ենթադրվում էր, որ այն անցնելու է Վրաստանի հարավով՝ շրջանցելով Հայաստանը, նկատի ունենալով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են Հայաստանի սահմանների շրջափակումը։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո, որը սանձազերծեցին Ադրբեջանը եւ Թուրքիան, Բաքուն եւ Անկարան ավելի համառորեն են սկսել պահանջել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլ կերպ ասած՝ պահանջում են Հայաստանի տարածքի մի մասը՝ որպես «միջանցք»։ Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում բացահայտ «Զանգեզուրի միջանցքը» կապել է «Միջին միջանցքի» հետ։ Բաքվում ԱՄՆ-ի արտահայտած աջակցությունը «Միջին միջանցքին» առավել քան տարօրինակ է հնչում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը «Միջին միջանցքի» իրականացումն ուղղակիորեն կապում է «Զանգեզուրի միջանցքի» հետ։
news.am