Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i197120-Հայ_թուրքական_ցամաքային_սահմանն_ամռան_սկզբին_բացելու_պայմանավորվածություն_կա._Ռուբինյան
Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրներ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2023 14:09 Asia/Tehran
  • Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան

Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրներ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետի կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որպեսզի ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,–ասաց նա։

Ռուբինյանի խոսքով` թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Համենայն դեպս, չի հնչել պնդում, որ պայմանավորվածությունն ուժի մեջ չէ։

Նա հավելեց, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։

Խոսելով Անի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքից` Ռուբինյանը նշեց, որ այդ առումով դեռ որևէ գործնական շարժ չկա։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվել է փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիային։

Ավելի վաղ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավորինս շուտ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ 2022 թվականի փետրվարից վերսկսվել են երկրների միջև ուղիղ չվերթները, իսկ այս տարվանից՝ օդային բեռնափոխադրումները։

armeniasputnik.am