Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կբարելավի իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կօգնի բարելավել Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակը։ Նման վստահություն հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշեց, որ ձեռնպահ կմնա Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների վերջին զրույցի մանրամասները բացահայտելուց, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։
Ռուսաստանը, Զախարովայի խոսքով, աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերսկսմանը, որը մեկնարկել էր 2022 թվականի հունվարին Մոսկվայի մասնակցությամբ։
«Մենք համոզված ենք, որ նման «հալեցումը» կօգնի բարելավել ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում և էական ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման գործում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում` նշելով, որ վերջին շրջանում նկատելի է, որ գործընթացը մեծ թափ է հավաքում, և Մոսկվան պատրաստ է այս հարցում հետագա օգնություն ցուցաբերել Երևանին և Անկարային, ամփոփեց դիվանագետը։