Հայաստանի վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i197336-Հայաստանի_վարչապետն_ու_ԵԱՀԿ_գործող_նախագահն_անդրադարձել_են_Մինսկի_խմբի_գործունեությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2023 13:45 Asia/Tehran
  • Հայաստանի վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին:

Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:

Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել  տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր:   

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը: