Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեզ ինչ-որ բան պարտադրելու փորձ են. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, դրանք արվում են նաեւ հերթական անգամ մեզ ինչ-որ բան պարտադրելու նպատակով։
Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա գնահատմամբ՝ Ալիեւը, որը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հայերին ընդունել քաղաքացիություն կամ լքել իրենց տները, հերթական անգամ ատելություն է դրսեւորել հայերի նկատմամբ եւ ցույց տվել, որ Ադրբեջանն անազատ երկիր է:
Բացասական գնահատելով այս հայտարարությունը եւ անընդունելի համարելով այն՝ Սիմոնյանը հույս հայտնեց, որ հայկական կողմից այն կարժանանա որոշակի արձագանքի:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, Ալիեւը պահանջել էր, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կամ ստանան Ադրբեջանի քաղաքացիություն կամ գտնեն այլ բնակության վայր:
news.am