Երևանն ու Բաքուն կոշտ հայտարարություններ են արել
Ղարաբաղցիների մասին Ալիևի վիճահարույց հայտարարություններից հետո Երևանը և Բաքուն հանդես են եկել կոշտ հայտարարություններով։
Չորեքշաբթի օրը, դատապարտելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը պետք է ընդունեն Բաքվի ինքնիշխանությունը, ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ այս հայտարարությունը վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու Բաքվի մտադրության մասին:
Ալիևը հայտարարել է. «Անջատողականները (Ղարաբաղի հայերը) պետք է իմանան, որ երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, կա՛մ հեռանալ այս տարածաշրջանից»:
Արձագանքելով այս հայտարարությանը և քննադատըելով այն, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Տարածաշրջանում տարիներ շարունակ առկա խնդիրներին տևական լուծումներ գտնելու փոխարեն, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման ու սպառնալիքի միջոցով առաջ տանել իր նպատակները»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ի պատասխան այս հայտարարության, Հայաստանին մեղադրել է կեղծավորության ու խարդախության մեջ:
Նախարարությունը հայտարարել է. «Բաքվին էթնիկ զտումների մեջ մեղադրելը և մոտ 30 տարվա ընթացքում 9 քաղաքներ և հարյուրավոր գյուղեր գրավելուց հետո խաղաղ կողմ ներկայանալը «կեղծավորության» և «խարդախության» օրինակ է»։
Բաքուն հայտարարել է, որ ատելության վրա հիմնված Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Հայաստանի հայտարարություններն անհիմն են, քանի որ Երևանը շարունակում է ռասայական թշնամանք քարոզել՝ չնայած միջազգային պարտավորություններին և նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ հավատարիմ է Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացին, և Հայաստանը պետք է դադարի միջամտել այդ գործընթացին։