Ռուսաստանը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i198086-Ռուսաստանը_Բաքվին_եւ_Երեւանին_կոչ_է_արել_անհապաղ_վերադառնալ_առկա_պայմանավորվածություններին
Ռուսաստանը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին, Մոսկվան խիստ մտահոգված է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճով, ասվում է երկուշաբթի օրը ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2023 13:39 Asia/Tehran
  • Ռուսաստանը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին

Ռուսաստանը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին, Մոսկվան խիստ մտահոգված է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճով, ասվում է երկուշաբթի օրը ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ:

«Լրջորեն մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսության կապակցությամբ: Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների եւ տարաբնույթ միջադեպերի թվի աճ, որոնց արդյունքում երկու կողմից էլ պարբերաբար զոհեր են լինում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի եւ Հայաստանի հանրային տարածքում մեղադրական եւ ագրեսիվ հռետորաբանության աճը։ Ապրիլի 23-ի վերջին զարգացումների համատեքստում հատուկ նշում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը, թե արդյոք խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության կամ խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձերի մասին է։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Ելնում ենք նրանից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի, եւ նրա կենսագործունեության ոչ մի խոչընդոտ չպետք է ստեղծվի։ Կարծում ենք, որ առաջացած շատ խնդիրներ հետեւանք են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղիների շուրջ բանակցային գործընթացում ամիսներ տեւած պարապուրդի եւ առաջընթացի բացակայության, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկ եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի պարամետրերի ներդաշնակեցում։ Ակնկալում ենք, որ Բաքվում եւ Երեւանում քաղաքական կամք կդրսեւորեն եւ կկարողանան մոտ ժամանակներս հաղթահարել այդ բացասական դինամիկան։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր մտերիմ Ադրբեջանին եւ Հայաստանին ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ։ Զգուշացնում ենք նաեւ արտաքին արեւմտյան խաղացողներին եւ նրանց կոնյունկտուրային օրակարգով աշխատող լոկալ ռուսատյաց տարրերին՝ իրավիճակը ցնցելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի հասցեին սեւացնող արշավի միջոցով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

news.am