Թուրքիան հակադարձել է Հայոց Ցեղասպանության մասին Բայդենի ուղերձին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները կրկին ցեղասպանություն է անվանել։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Օսմանյան կառավարության և հայերի միջև 1915 թվականի իրադարձությունների մասին ամերիկացի պետական այրերի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանն ու միջազգային իրավունքներին և քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու ապարդյուն փորձ են։
Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ Օսմանյան և Հայաստանի կառավարությունների միջև 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ամերիկյան իշխանությունների մոտեցումը խեղաթյուրում է պատմությունը, և նրանք, ովքեր պաշտպանում են այդ դիրքորոշումները, պատմության մեջ կհիշվեն որպես պատեհապաշտ քաղաքական գործիչներ։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, դա բնութագրելով քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ:
Չավուշօղլուն ասել է.«Ոչ մեկն իրավունք չունի Թուրքիայի ժողովրդին պատմության դասեր տալ»: