Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Ռուսական ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու կապակցությամբ:
Reuters-ը հայտնում է, որ անցակետը տեղադրվել է կիրակի օրը: «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հայաստանի միջազգային իրավունքի հարցերով ներկայացուցչի խոսնակին, հայտնում է. «Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի անօրինական տեղադրման կապակցությամբ»։
Ըստ այս հաղորդման՝ հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը բացահայտորեն խախտում է Արդարադատության միջազգային դատարանի նախկին վճիռը, որը Բաքվին պարտավորեցնում էր ապահովել Լաչինի միջանցքով անարգել տեղափոխությունը:
2020 թվականին Բաքուն համաձայնել է «երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։ Հայաստանը պնդում է, որ ճանապարհի սկզբում անցակետի տեղակայումը հակասում է այդ պարտավորությանը։
Լաչինի միջանցքը Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է:
Ի պատասխան Հայաստանի բողոքի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջազգային օրենքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը, Լաչինի միջանցքը և Ստեփանակերտը այդ երկրի տարածքի մի մասն են, և Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքում, ցանկացած վայրում տեղակայել անցակետ: