Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է կախված լինեն միջազգային իրադրությունից. Մատվիենկո
https://parstoday.ir/hy/news/armenia-i199106-Հայ_ռուսական_հարաբերությունները_չպետք_է_կախված_լինեն_միջազգային_իրադրությունից._Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը տրամադրված է ամրապնդել բազմապլան փոխգործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 12:40 Asia/Tehran
  • Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է կախված լինեն միջազգային իրադրությունից. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը տրամադրված է ամրապնդել բազմապլան փոխգործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ:

«Ռուսաստանին ու Հայաստանին բարեկամության և բարիդրացիության հնագույն կապեր են կապում, որոնք չպետք է կախված լինեն միջազգային կոնյունկտուրայի տատանումներից։ Տրամադրված ենք մեր խորհրդարանականների միջև ինտենսիվ և բաց փոխգործակցությունը ամրապնդելու»,-Հաղթանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված շնորհավորական հեռագրում գրել է նա:

Մատվիենկոն նշել է, որ հավաքական Արևմուտքի կողմից սանձազերծված հակառուսական չդադարող քարոզչության պայմաններում հատկապես կարևոր է պահպանել հոգատար վերաբերմունքը ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ:

«Մեր խնդիրն է եկող սերնդին փոխանցել 1941-1945 թվականների իրադարձությունների իրական, այլ ոչ թե կեղծված պատմությունը և պահպանել հիշողությունն այն մասին, որ Եվրոպան իր ազատագրմամբ պարտական է խորհրդային զինվորին»,-ամփոփել է նա:

Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ (1941-1945 թթ)։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։

Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։

Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։

armeniasputnik.am