ՀՀ իշխանությունները չպետք է «դիվերսիֆիկացիա» բառի տակ թաքցնեն իրենց շրջադարձը. Ֆադեև
https://parstoday.ir/hy/news/armenia-i248620-ՀՀ_իշխանությունները_չպետք_է_դիվերսիֆիկացիա_բառի_տակ_թաքցնեն_իրենց_շրջադարձը._Ֆադեև
Ուշադրություն ենք դարձրել հայկական ղեկավարության մի շարք վերջին հայտարարություններին։
(last modified 2026-08-06T16:18:22+00:00 )
Օգոստոս 06, 2026 19:40 Asia/Tehran
  • ՀՀ իշխանությունները չպետք է «դիվերսիֆիկացիա» բառի տակ թաքցնեն իրենց շրջադարձը. Ֆադեև

Ուշադրություն ենք դարձրել հայկական ղեկավարության մի շարք վերջին հայտարարություններին։

Երևանում այս հայտարարություններն անելիս որոշակի դատողություններ են հնչեցրել, և կարծում ենք, որ այդ դատողությունների նպատակն ակնհայտ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Նպատակը պատասխանատվությունը որոշակի այլ սուբյեկտների վրա բարդելն է։ Դա բացատրում են նրանով, թե իբր ԵՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրները ծագել են այն պատճառով, որ Հայաստանը, ինչպես իրենք են ասում, ընդամենը փորձել է այլընտրանքներ գտնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։

Բայց այստեղ հարկ է նշել, որ, անշուշտ, պետության բազմավեկտոր զարգացման ապահովումը ցանկացած երկրի քաղաքական ղեկավարության խնդիրն ու առաջնահերթությունն է։ Սակայն չպետք է սրանով նենգափոխել հասկացությունները, որովհետև եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի հետևում թաքցվում է եվրասիական ինտեգրումից շրջադարձը և ավանդական դաշնակցից դեպի, ըստ էության, Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամաբար տրամադրված Եվրոպական միություն շրջվելը, որը, բացի այդ, լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղղակի բախման հնարավորությունը, ապա այստեղ հետևությունն ակնհայտ է։

Ուստի սա բացահայտ խաբեություն է ինչպես եվրասիական ինտեգրման գծով գործընկերների, այնպես էլ սեփական բնակչության նկատմամբ։ Ըստ այդմ, պատահական չէ, որ դեպի Եվրոպա նման «թռիչքի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են Հայաստանի քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները մատուցվում են որպես Մոսկվայի նկատմամբ իրականացվող սահմանափակումներ։

Բայց պետք է հասկանալ, որ դրանք մեր սահմանափակումները չեն, դա այն իրականությունն է, որն սպասում է հանրապետությանը ավանդական կապերի խզման դեպքում։ Եվ մենք բազմիցս կոչ ենք արել հայկական ղեկավարությանը ազնվորեն խոսել դեպի ԵՄ վերակողմնորոշման բոլոր դրական և բացասական կողմերի մասին։

Ցավոք, դա չի արվել և չի արվում մինչ օրս։ Եվ Հայաստանի ղեկավարությունն ինքն էլ հրապարակայնորեն ընդունել է, որ ապրանքների որոշ կատեգորիաների որակի հետ կապված առկա են մի շարք խնդիրներ։

Ընդ որում, Երևանում հրաժարվում են Մոսկվայի հետ բացառիկ հարաբերություններից, քանի որ դրանք իբր խանգարում են այլընտրանքային վեկտորներ փնտրելուն։ Դրա փոխարեն բնակչությանն ու շարքային քաղաքացուն առաջարկվում են Արևմուտքի երկրների հետ դաշնակցային փոխգործակցության մասին ստորագրված բազմաթիվ հռչակագրեր։

Սակայն կարևոր է հաշիվ տալ ինքներս մեզ, որ ազդեցիկ ու հնչեղ արտահայտություններով հագեցած այդ փաստաթղթերը իրավաբանորեն պարտադիր ուժ չունեն։ Այո, և գործնականում այդ հռչակագրերը ոչ մի արդյունքի չեն հանգեցնում՝ ի տարբերություն հայ-ռուսական պայմանագրերի և համաձայնագրերի ահռելի փաթեթի», — նշել են ՌԴ ԱԳՆ-ում։