Ամիր Աքրամի-Նիա․ Իրանի բանակը լիովին մարտունակ և պատրաստ է
Իրանի բանակի խոսնակը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը գտնվում է լիակատար մարտական պատրաստվածության վիճակում և վնասված համակարգերի վերականգնման, նոր սպառազինության համալրման ու ներքին ներուժի վրա հիմնվելու շնորհիվ, անընդհատ բարձրացնում է իր օպերատիվ պատրաստվածությունը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, Ամիր Մոհամմադ Աքրամի-Նիան, ընդգծելով, որ մարտական պատրաստվածության պահպանումը միայն նոր տեխնիկայի ձեռքբերմամբ չի սահմանափակվում, նշել է, որ վերջին տարիներին Իրանի բանակի պաշտպանական կարողությունների զարգացումն իրականացվել է միաժամանակյա մի շարք միջոցառումների շնորհիվ՝ գործող համակարգերի վերականգնումից և արդիականացումից մինչև նոր սպառազինության համալրում, ներքին արտադրական ներուժի զարգացում և անձնակազմի մոտիվացիայի ու մարտական ոգու ամրապնդում։
Աքրամի-Նիան նշել է, որ բանակը, հենվելով իր ինժեներական և մասնագիտական կարողությունների վրա, շարունակում է սպառազինության վերականգնման և արդիականացման գործընթացը։ Նրա խոսքով՝ սա միայն տեխնիկական աշխատանք չէ, այլ Իրանի պաշտպանական ընդհանուր ռազմավարության կարևոր բաղադրիչ, որը միտված է զսպման կարողության պահպանմանն ու արագ արձագանքման ներուժի բարձրացմանը։
Իրանի բանակի խոսնակը հավելել է, որ պաշտպանական կարողությունների զարգացման մի մասն իրականացվում է հենց բանակի ներսում, իսկ մյուս մասը՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության և մասնագիտացված այլ կառույցների հետ համագործակցությամբ։ Նրա խոսքով՝ այս գործընթացը ոչ միայն նվազեցնում է արտաքին կախվածությունը, այլև հնարավորություն է տալիս ավելի արագ արդիականացնել համակարգերը և առավել արդյունավետ արձագանքել օպերատիվ պահանջներին։
Հիշեցնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը նախորդ պատերազմների ընթացքում ապացուցել է, որ տարբեր պայմաններում կարող է կատարել իր առաքելությունները՝ հենվելով ներքին ուժի և ճշգրիտ պլանավորման վրա, Աքրամի-Նիան հայտարարել է, որ, չնայած վերջին երկու պատերազմներին, Իրանի բանակն այսօր գտնվում է շատ բարձր պատրաստվածության մակարդակում և, հաշվի առնելով առկա սպառնալիքները, անընդհատ աշխատում է իր մարտական կարողությունների հետագա զարգացման ուղղությամբ։
Միաժամանակ Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր օդաչու Բեհմարդը իր ուղերձում ընդգծել է, որ գերագույն առաջնորդի նկատմամբ հավատարմության և Իրանի մեծ ժողովրդի պաշտպանության ճանապարհին, թշնամիների ագրեսիայի դեմ, իրենք լինելու են արժանի ժառանգորդներ և անձնազոհ զինվորներ։