«Նեմեսիս»-ի արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի․ քաղաքապետարան
https://parstoday.ir/hy/news/armenia-i199134-Նեմեսիս_ի_արձանը_քանդելու_մտադրություն_Երևանի_իշխանությունը_չունի_քաղաքապետարան
«Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի, «Ազատությանը» փոխանցում են Երևանի քաղաքապետարանից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 14:57 Asia/Tehran
  • «Նեմեսիս»-ի արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի․ քաղաքապետարան

«Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի, «Ազատությանը» փոխանցում են Երևանի քաղաքապետարանից։

«Ազատությունը» հարց էր ուղղել քաղաքային իշխանությանն՝ արդյոք հայաստանյան ավիաընկերությունների առջև օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո Երևանի իշխանությունը մտադրություն ունի՞ հեռացնելու «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը, թե օրակարգում նման հարց չկա։

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է՝ «եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։

tert.am