Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i199644-Մոսկվան_Երևանին_և_Բաքվին_կոչ_է_անում_զերծ_մնալ_իրավիճակի_սրումից._Զախարովա
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2023 13:41 Asia/Tehran
  • Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ին և 12–ին հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Սոթքի հատվածում։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ սադրիչ քայլերից»,– ասաց նա։

Զախարովան համոզմունք հայտնեց, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական հարթակում։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։

Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ էր կրակել՝ կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ էր կիրառել:

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել էր հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում էին ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:

Ադրբեջանի ԶՈւ–ն Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կրակ է բացել նաև այսօր` մայիսի 17-ին։ Վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։ Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Վիրավորում է ստացել նաև բուժակը:

armeniasputnik.am