Եթե ամեն ինչ ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»․ վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200138-Եթե_ամեն_ինչ_ստացվի_պատմության_մեջ_առաջին_անգամ_կստանանք_կադաստրի_վկայական_վարչապետ
Հայաստանը իր հազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, և եթե ամեն ինչ ստացվի, ապա իր պատմության մեջ առաջին անգամ կստանա այն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2023 15:18 Asia/Tehran
  • Եթե ամեն ինչ ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»․ վարչապետ

Հայաստանը իր հազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, և եթե ամեն ինչ ստացվի, ապա իր պատմության մեջ առաջին անգամ կստանա այն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով ընդդիմության այն թեզը, որ Հայաստանը Բրյուսելում ամեն ինչ զիջել է Ադրբեջանին, փոխարենը ոչինչ չի ստացել:

«Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք: Մենք բոլորս հասկանում ենք, որ 30 տարի ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք: Ընդ որում՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել: Եթե այն, ինչ ուզում ենք անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական», սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ եթե ամեն ինչ հաջողվի, ապա  ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցով կընթանա ինստիտուցիոնալ բանակցային գործընթաց։

«Այո, այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել, շանս ենք ստացել, որ կարող ենք ստանալ ինչ-որ բան, բայց մենք շարունակում ենք մնալ այդ ռեժիմում՝ առանց «կադաստրի վկայականի»: Ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ «վկայական», որի անունն է պետություն, միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտցված սահմաններով»,- եզրափակեց Փաշինյանը։

armenpress.am