Առաջին հանրապետությունը չունեցավ ժամանակ, մենք դեռևս ունենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
https://parstoday.ir/hy/news/armenia-i200370-Առաջին_հանրապետությունը_չունեցավ_ժամանակ_մենք_դեռևս_ունենք._Նիկոլ_Փաշինյանի_ուղերձը
Առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 13:23 Asia/Tehran
  •  Առաջին հանրապետությունը չունեցավ ժամանակ, մենք դեռևս ունենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Սարդարապատի հուշահամալիրում իր շնորհավորական ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման մասին։ Նա հիշեցրեց` մենք անկախություն հռչակեցինք այն ժամանակ, երբ կայսրություններ էին փլուզվում և նոր աշխարհակարգ էր ձևավորվում։

Հայաստանի առաջին հանրապետությունն ընդամենը 2 ու կես տարվա կյանք ունեցավ։  Նիկոլ Փաշինյանի կարծիքով` դա եղավ նաև այն պատճառով, որ հաղթելով գոյամարտում, պետություն հռչակելով` մենք անկախ պետությունում ապրելու մեր տեսլականը չհասցրեցինք ձևակերպել, Առաջին հանրապետությունում ապրելը չհասցրեցինք դարձնել ինքներս մեզ համար հարմարավետ և շահավետ։

«Առաջին հանրապետությունը չհասցրեց ինքն իրեն դիրքավորել որպես սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության ու երջանկության միջոց, որովհետև, ըստ էության, խաղաղության և ոչ մի օր չունեցավ իր գոյության ողջ ընթացքում: Սովը, ցեղասպանությունից մազապուրծ գաղթականությունը, ներքին խժդժությունները, տնտեսության, պետական ինստիտուտների, պետականության մշակույթի բազմադարյա բացակայությունը, արտաքին ազդեցությունը, պատերազմը Առաջին հանրապետության անկման պատճառ դարձան»,– ասաց կառավարության ղեկավարը։

Նա շեշտեց` այս ամենն Առաջին հանրապետության դերն ամենևին չի նսեմանում, 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ։

Փաշինյանը շեշտեց, որ Առաջին հանրապետությունը բազմաթիվ դասեր է տվել։

Նախ այն, որ Հայաստանի Հանրապետությունում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ և շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունը պետք է լինեն այսօր, այլ ոչ թե հեռավոր մի ապագայում։ Փաշինյանը նաև որոշակի համեմատականներ է անցկացրել Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև։

«Առաջին հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է և հիմա է, և մենք այլևս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետև մեր հայրենիքը մեր պետությունն է»,– ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` ժողովրդի համար անվտանգություն, բարեկեցություն և երջանկություն ապահովել հնարավոր է հարևանների հետ կարգավորված հարաբերությունների և խաղաղության պայմաններում։ Ընդգծեց` դա այն էր, ինչ չունեցավ Առաջին հանրապետությունը, ցավոք, դեռևս չունի Երրորդ Հանրապետությունը:

Նա շեշտեց, որ հենց սա է պատճառն իրենց որդեգրած խաղաղության օրակարգի։ Հավելեց` մեր բոլոր նահատակներն ընկել են հանուն սեփական ժողովրդի երջանկության և ոչ տառապանքին։ Բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին:

 Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավորությամբ, շքերթով նշում են Հայաստանի  Հանրապետության տոնը։  Նիկոլ Փաշինյանի հետ միասին հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր իշխանությունների այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։  Այս ժամանակահատվածում ԶԼՄ–ների և քաղաքացիների համար մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր փակ էր։

armeniasputnik.am