Ստեղծվելու է հայ–չեխական ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ
(last modified Wed, 07 Jun 2023 08:09:32 GMT )
Հունիս 07, 2023 11:39 Asia/Tehran
  •  Ստեղծվելու է հայ–չեխական ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ

Հայ–չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ։

Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ներկայացնելով «Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։

«Ըստ համաձայնագրի` սահմանվելու են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը։ Համաձայնագրում լինելու են նաև ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերություններ»,– ասաց Սարգսյանը։

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները։

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. ապրիլի 9-ին։

Այդ առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու են 4 տարի անց որոշել վավերացնել այն, եթե Հայաստանի համար կարևոր է Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Արման Սարգսյանը շեշտեց, որ Չեխիայի խորհրդարանն այս տարի է դրական եզրակացությամբ ընդունել օրինագիծը և դա պայմանավորված է եղել Covid-ի համավարակով, իսկ Հայաստանում՝ նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմով։

Հանձնաժողովը 7 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տվեց օրինագծին։

armeniasputnik.am