Լաչինում բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև
Լաչինում բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ երեքշաբթի օրը, Գորիս-Լաչին սահմանային գոտում հայկական ուժերը հարձակում են իրականացրել ադրբեջանական ուժերի վրա, որի հետևանքով սահմանապահ ծառայության մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը սրվել է և բախումները շարունակվում են, իսկ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները շոշափելի արդյունք չեն ունեցել:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը կոչ է արել մեծացնել միջազգային հանրության ջանքերը՝ Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղի յոթամսյա պաշարումը դադարեցնելու ուղղությամբ»:
Բադալյանը երեքշաբթի Twitter-ում գրել է. «Լաչինում ապօրինի անցակետ տեղակայելուց հետո Ադրբեջանը բազմիցս արգելել է անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայությունն ու տեղաշարժերը՝ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին»։
Նա հավելել է. «Ավելի շատ միջազգային գործողություններ և ջանքեր են անհրաժեշտ Ղարաբաղի յոթ ամիս տևած պաշարումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար»։