ՀՀ-ի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա։ Այս հայտարարությունն արեց Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Համագործակցության ներուժ կա, այդ թվում ՝ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, չնայած այս և այլ ուղղությունները նոր են և դեռ զարգանում են։ Ակնկալում եմ հաջող փոխգործակցություն, և միասին կհասնենք խաղաղության»,- ասաց կցորդը։
Դիվանագետն ընդգծեց, որ և՛ Հայաստանը, և՛ Չինաստանը մշակույթի ու պատմության առումով շատ ընդհանրություններ ունեն, երկու երկրներն էլ անցել են դժվար փորձությունների միջով և կարողացել են հաղթահարել դրանք:
Կցորդը ճակատագրերի նմանությունը հիմք է համարում փոխգործակցության զարգացման համար, այդ թվում ՝ ռազմական ոլորտում։ Միաժամանակ նշում է, որ դեռ շատ անելիք կա, բայց ինքը պատրաստ է ջանքեր գործադրել այդ գործընկերությունը զարգացնելու համար։
Անդրադառնալով վերջերս ՉԺՀ ՊՆ-ին կից միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենի գլխավորած պատվիրակության այցին՝ Ցյանն ընդգծեց, որ այցն ինքն անձամբ է կազմակերպվել համագործակցությունն ամրապնդելու համար:
Նրա խոսքով` պատվիրակությունը գոհ է եղել այցի արդյունքներից։
Նշենք, որ չինական պատվիրակության այցի հիմնական թեմաներից մեկը ռազմական կրթության ոլորտում համագործակցելն էր։
armeniasputnik.am