Ոչ բոլորն են ցանկանում Երեւանի հետ մեր հարաբերությունների զարգացումը․ Պեկին
(last modified Fri, 18 Aug 2023 08:43:53 GMT )
Օգոստոս 18, 2023 12:13 Asia/Tehran
  • Ոչ բոլորն են ցանկանում Երեւանի հետ մեր հարաբերությունների զարգացումը․ Պեկին

Պեկինը դեմ է Հայաստանի ներքին գործերին միջամտությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յուն։

«Բայց մենք վստահ ենք, որ մեր հարաբերությունների հետագա զարգացման ձգտումն անսասան է։ Չինաստանը դեմ է ցանկացած պատրվակով Հայաստանի ներքին գործերին միջամտելուն ։ Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ՝ լուծելու ավանդական եւ ոչ ավանդական հակամարտությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»,-նշեց նա։

Դեսպանը հիշեցրեց, որ Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են եւ ունեն նմանատիպ հայացքներ՝ պատրաստակամություն հայտնելով Երեւանի հետ համագործակցել ՝ ուղղված գլոբալ զարգացմանը:

«Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները սկսվել են դեռեւս հազարամյակներ առաջ՝ Մետաքսի ճանապարհի ժամանակներից։ Բացի այդ, Չինաստանն առաջիններից է, որ Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ է հաստատել 20-րդ դարի վերջին նրա անկախացումից հետո»,-նշեց դիվանագետը։

Նա պարզաբանեց, որ զարգացման չինական մոդելը բացառում է հեգեմոնիան եւ ենթադրում է հավասարություն եւ շահերի ներդաշնակության հիման վրա խաղաղության ձգտում:

«Արձագանքելով միջազգային իրավիճակի փոփոխություններին՝ հակամարտությունների հիմնական պատճառները լուծելու նպատակով, Չինաստանը կոչ է անում միասին գործել փոփոխվող եւ անհանգիստ աշխարհում ՝ հանուն ընդհանուր ապագայի։

Չինաստանը լուրջ արդյունքների է հասել անվտանգության ոլորտում եւ ՄԱԿ-ի երկրորդ խաղաղապահ ուժն է ՝ ակտիվորեն հանդես գալով երկխոսության օգտին:

Չինաստանը կողմ է քաղաքակրթությունների հավասարության հարգմանը, երկխոսությանը եւ հանդուրժողականությանը, արժեքների փոխանակմանը եւ դեմ է քաղաքակրթությունների բախումներին»,-նշեց դեսպանը։

Դիվանագետը հիշեցրեց, որ Պեկինի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան եւ Իրանը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները:

Նրա խոսքով՝ նշված բոլոր ուղղությունները ենթադրում են հարաբերությունների զարգացում նաեւ Հայաստանի հետ։

Նա հույս հայտնեց, որ դա համապատասխանում է Հայաստանի ծրագրերին ՝ հայտնելով Չինաստանի աջակցության պատրաստակամությունը:

news.am