Ի՞նչ ուղերձ ունի ադրբեջանական զրահատեխնիկայի վրա պատկերված նշանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206046-Ի_նչ_ուղերձ_ունի_ադրբեջանական_զրահատեխնիկայի_վրա_պատկերված_նշանը
Ադրբեջանը վերջին օրերին լրացուցիչ զորք, զենք ու զրահատեխնիկա է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2023 16:10 Asia/Tehran
  • Ի՞նչ ուղերձ ունի ադրբեջանական զրահատեխնիկայի վրա պատկերված նշանը

Ադրբեջանը վերջին օրերին լրացուցիչ զորք, զենք ու զրահատեխնիկա է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին։

Հատկանշական է, որ ադրբեջանական, այնուհետև թուրքական մեդիայում և սոցցացերում սկսեցին լայնորեն տարածվել տեսանյութեր, որտեղ երևում են զինվորներ և զրահատեխնիկա տեղափոխող ավտոշարասյունը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ուշագրավ է շարասյան գրեթե բոլոր մեքենաների վրա սպիտակ ներկով արված նշանը։ Տեսանյութերից հասկացվում է, որ այդ բեռնատարների վրա ներկով գրված է գլխիվայր լատինական «A» տառը։

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկություններից պարզ է դառնում, որ այդ նշանը պատկերված է  «Նախիջևանն ու Ադրբեջանը իրար միավորելու նպատակով»։

Մեկ այլ պնդման համաձայն,  գլխիվայր լատինատառ «A»-ն նշանակում է «ամբողջականություն, միասնություն»։

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ «այդ սիմվոլը բռնագրավումից հետո Ղարաբաղում հիմնված և Արցախ անունը ստացած ապօրինի կառույցը ոչնչացնելու և ողջ տարածքում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու վճռականությունն է»։

Հիշեցնենք, որ նմանատիպ «ռազմաշունչ» տառ նկատել էինք Ուկրաինայի դեմ ռուսական ռազմագործողության ժամանակ, երբ ՌԴ ԶՈՒ-ին պատկանող զրահատեխնիկայի վրա ներկվել էր «Z» տառը։  ՌԴ ՊՆ-ն, մեկնաբանելով տառի նշանակությունը, հայտնել էր, որ «Z» նշանակում է հաղթանակի հետևից։

Հաշվի առնելով այս պնդումները, տարածաշրջանում առկա լարվածությունը, Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր հնարավոր ագրեսիան և վերջինիս իրագործման համար ստեղծված հիմքերը, Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային անթաքույց նկրտումները, կարող ենք ասել, որ այդ նշանը որոշակի ուղերձ է պարունակում՝ ցույց տալով կամ ազդարարելով այդ երկրների կողմից  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուժով ստանալու մտադրությունը։

news.am