Wall Street Journal. Փաշինյանը չի ցանկանում Հայաստանում ռուսական ռազմաբազաներ լինեն
Ամերիկյան Wall Street Journal թերթը գրել է. Փաշինյանը չի ցանկանում Հայաստանում ռուսական ռազմակայաններ լինեն:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ առավելություն չի տեսնում հանրապետությունում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ:
Փաշինյանն այս հարցազրույցում ասաց. «Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները: Այս իրադարձությունները մեզ, ըստ էության, բերել են մի որոշման, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները անվտանգության ոլորտում, և մենք հիմա փորձում ենք դա անել»։
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի տարածքում ունի երկու կայազորներ, և մեկ ավիաբազա։ Մոսկվան վաղուց եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ՌԴ իշխանությունները տեղյակ չեն Փաշինյանի հայտարարությունների մասին:
Պեսկովը «Ինտերֆաքս»-ին ասել է. «Մենք չգիտենք՝ նա իսկապես ասել է այս խոսքերը, թե ոչ, և նույնիսկ եթե նա ասել է դրանք, որտեղ և ինչ համատեքստում են հնչել այդ խոսքերը: Մենք նման տեղեկություն չունենք»։