Հայաստանում միջազգային գիտաժողով է անցկացվել՝ նվիրված «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» հանրահռչակման տասնամյակին
(last modified Mon, 27 Nov 2023 11:46:38 GMT )
Նոյեմբեր 27, 2023 15:16 Asia/Tehran
  • Հայաստանում միջազգային գիտաժողով է անցկացվել՝ նվիրված «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» հանրահռչակման տասնամյակին

«Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Վերարժևորելով Գոտի և ճանապարհ նախաձեռնության» դինամիկան․ հիմնական միտումներ» միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» (ԳՃՆ) հանրահռչակման տասնամյակին։

Գիտաժողովը Բրյուսովի պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը, որը մեծ տեղ է հատկացնում ոչ միայն Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի արդի ուսումնասիրություններին, այդ թվում՝ Չինաստանին, այլև գիտական դիվանագիտությանը՝ դառնալով կամուրջ գիտության և դիվանագիտության միջև։ Ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժինը հիմնականում զբաղվում է  արևելաասիական արդի հետազոտություններով։

Գիտաժողովին ելույթ են ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և այլ հաստատությունների՝ գիտության, կրթության և պետական ոլորտի ներկայացուցիչներ։ Գիտաժողովին ելույթ է ունեցել ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ով կարևորել է «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» նշանակությունը՝ որպես գլոբալ զարգացման ծրագիր, ինչպես նաև Հայաստան-Չինաստան համագործակցության նշանակությունը։

Գիտաժողովը ներառել է երեք պանելային քննարկում՝ «Հայաստան-Չինաստան բազմակողմ համագործակցության դինամիկան չինական «փափուկ ուժի» համատեքստում, «Անվտանգություն, տնտեսություն եվ դիվանագիտություն․ «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» բաղկացուցիչները», և ««Գոտի և ճանապարհ նախաձեռնության» ազդեցությունը  աշխարհաքաղաքական կերպափոխումների վրա»։

Գիտաժողովին ելույթներ են ունեցել ինչպես ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար մասնագետներ, ասպիրատներ, ու հայցորդներ, այնպես էլ գիտակրթական այլ հաստատությունների, այդ թվում՝ Բրյուսովի պետական համալսարանի, Կոնֆուցիոսի ինստիտուտի, Ռուս-հայկական համալսարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ։

Գիտաժողովում քննարկվել են մասնավորապես Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում, չինական «փափուկ ուժի» հարաճուն ներազդեցությանը, Հայաստան-Չինաստան բազմակողմ հարաբերությունների դինամիկային, «Գոտի և ճանապարհ նախաձեռնությանը», դրա մաս կազմող բաղադրիչներին վերաբերող հիմնահարցեր։ Դիսկուրս է ձևավորվել Մերձավոր Արևելքում, նաև Հարավային Կովկասում, չինական քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցության ընդլայնման մասին, ինչն ուղիղ կապ ունի նաև «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» հետ։

Վերջին տարիներին Հայաստանում ևս նկատվում է չինարեն լեզվի և կրթության նկատմամբ հետաքրքրության աճ։ Չինաստանը Հայաստանի բարեկամ երկիրն է, և Հայաստան-Չինաստան գործընկերությունը կարևոր նշանակություն ունի երկու կողմի համար էլ։ Հայաստանն ու Չինաստանը հարգում են միմյանց հիմնական շահերն ու կարևոր մտահոգությունները։ Համագործակցությունն ընթանում է բազմակողմ ձևաչափով և հեռանկարում ընդլայնման միտում ունի: Հայաստանին ու Չինաստանին միավորում են ընդհանուր նպատակները, որոնք առնչվում են խաղաղությանն ու կայուն զարգացմանը։ Այս տեսանկյունից ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաժողովն ունի թե՛ գիտական,  թե՛ քաղաքական կարևոր նշանակություն։ 2020 թ․ արցախյան պատերազմում ծանր պարտությունից հետո Հայաստանին առավել քան երբևէ պետք են բարեկամ պետություններ։ Ըստ այդմ, գիտաժողովը նպատակ ունի ոչ միայն աջակցել արդի Չինաստանի մասին գիտական պատկերացումների ընդլայնմանը, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կերպափոխումների վրա Չինաստանի ունեցած ազդեցության ուսումնասիրությանը, այլև Հայաստան-Չինաստան հարաբերությունների էլ ավելի սերտացմանը։     

armenpress.am