Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է․ Թովմասյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i212880-Սահմանազատման_ու_սահմանագծման_գործընթացում_ամենակարևորն_իրավական_գնահատականն_է_Թովմասյան
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2024 14:29 Asia/Tehran
  • Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է․ Թովմասյան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները ունեն հստակեցում, թե ինչ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը և սահմանագծումը։

«Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշեց նա՝ հավելելով, որ արդյունքների վերաբերյալ հրապարակայնորեն կհայտնեն։

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը կադաստրի վկայական չունի»՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, թե վարչապետի խոսքը, իր կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։

«Երբ Հայաստանի սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են»,- նշեց Թովմասյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին։ Հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

armenpress.am