Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդան տոնը, որը նախորդում է Մեծ Պահքին։ Բարեկենդանը ուրախության և զվարճանքի տոն է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Այսօր ընդունված է փախլավա բաժանել, յուղ ու բրնձով պատրաստած փլավ ուտել և հիմնականում էլի ոչ մսային կերակուրներ` քաղցր գաթաներ, յուղոտ գաթաներ ճաշակել։
Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից ու կերուխումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր, և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:
Բարեկենդանի ժամանակ ժողովուրդը ծաղրում էր վատ թագավորներին, դատավորներին, նաև կեղծ հարսանիք էին կազմակերպում` տղային հագցնում էին աղջկա շորեր, աղջկան` տղայի շորեր, ու պսակում էին իրար հետ։ Այսինքն` սուտը, կեղծիքը ցուցադրելով` ժողովրդին քարոզում էին 49-օրյա ապաշխարանքի ընթացքում փորձել ճիշտ ապրել։
https://armeniasputnik.am/20240211/ajsor-haj-araqelakan-ekeghecin-nshum-e-bun-barekendany-72178123.html