Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
(last modified Mon, 19 Feb 2024 12:19:22 GMT )
Փետրվար 19, 2024 15:49 Asia/Tehran
  • Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան

Ռուսաստանի և Ուկրանիայի միջև հակամարտության հարցում Հայաստանի ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած հանրապետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքը։

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ուկրաինայի հարցում։

«Բարդ վիճակ է, մեր դիրքորոշումն էլ է բարդ։ Մենք ընդունում ենք Ալմա Աթայի հռչակագիրը, բայց այն միայն մեզ համար չէ: Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել են Խորհրդային Միության 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան: Ի միջի այլոց, իրենք են դրա նախաձեռնողը, որովհետև Բելովեժյան համաձայնագրով Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը որոշեցին, որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի, և իրենք դառնում են անկախ պետություններ ու ճանաչում են միմյանց սահմանները։

Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է հանրապետությունների անկախությունը ճանաչելու, տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ, եթե դա քանդում ենք, ուրեմն քանդում ենք ամեն ինչ:

Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ, և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- եզրափակեց Փաշինյանը։