Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
(last modified Fri, 23 Feb 2024 07:46:36 GMT )
Փետրվար 23, 2024 11:16 Asia/Tehran
  • Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին

ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին արված արտահայտությունները հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։

Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ակցիա են անցկացրել նրա հուշարձանի առջև: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։ Իր գրառման մեջ նա նշել էր Հայաստանի ԱԳՆ-ի էջը X-ում։

Քանի որ հրապարակային մեկնաբանություն չեղավ, Sputnik Արմենիան հարցում ուղարկեց ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Լիոնի հայտարարությունները։ ԱԳՆ-ն լրացուցիչ ժամանակ խնդրեց և պատասխանեց մեկ ամիս անց: Գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունն անթույլատրելի է համարում անհանդուրժողականության, ազգային կամ կրոնական հիմքով ցանկացած գործողություն, ինչպես նաև վերջինիս որևէ շահարկում` լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով:

«Միևնույն ժամանակ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է ցուցաբերեն հարգալից վերաբերմունք և զերծ մնան արձագանքելուց այնպիսի սադրանքների, որոնք վերաբերելի չեն ընդունող երկրի կառավարությանը կամ ժողովրդին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նույնիսկ խորհրդային իշխանությունները Նժդեհին չեն մեղադրել նացիստներին հանցակից լինելու մեջ։ Առավել ևս, նա հայրենիքի դավաճան չի եղել, քանի որ երբեք ԽՍՀՄ քաղաքացի չի եղել։ ԽՍՀՄ-ում նրան մեղադրում էին «հակահեղափոխական գործունեության», «հակասովետական» ապստամբության և «այդ ապստամբության ժամանակ կոմունիստների զանգվածային սպանությունների» համար։

armeniasputnik.am