Հայաստանը մտադիր է Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i215288-Հայաստանը_մտադիր_է_Կապանի_օդանավակայանը_ծառայեցնել_նաև_միջազգային_չվերթների_համար
Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2024 16:11 Asia/Tehran
  • Հայաստանը  մտադիր է Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար

Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար:

Այս մասին ասաց  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

Աղազարյանը նկատեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ հեռավորության վրա միջազգային օդանավակայան կառուցելու իրավունք չկա:

Սանոսյանը հայտնեց, որ պայմանագրում նման կետ կա 2001 թվականից, երբ կոնցեսիոն կառավարման է հանձնվել օդանավակայանը:

«Մենք հիմա գործընկերների հետ բանակցում ենք այդ կետի հետ կապված փոփոխություն անելու համար: Մեր մտադրությունն ու ցանկությունն է Կապանի օդանավակայանը ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային չվերթների համար ծառայեցնել:

Եվ հիմա բանակցում ենք, որ այս կետում փոփոխություն անենք, և հանելով այդ սահմանափակումը, կարողանանք միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել ու Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային օդանավակայան»,-ասաց նախարարը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հայտնեց, որ այդ կոնցեսիոն պայմանագիրն ավարտին է մոտենում, գալիս է նոր պայմանագիր կնքելու ժամանակը: