Փաշինյանը Հայաստանում կրկնում է Սահակաշվիլիի և Զելենսկու սցենարը. Տիգրան Քոչարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i216040-Փաշինյանը_Հայաստանում_կրկնում_է_Սահակաշվիլիի_և_Զելենսկու_սցենարը._Տիգրան_Քոչարյան
Հայ ժողովրդին թշնամու առջև մեն-մենակ է թողել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և շարունակում է դա անել իր ժամանակին նախագծված հակառուսական ճանապարհային քարտեզով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2024 13:01 Asia/Tehran
  • Փաշինյանը Հայաստանում կրկնում է Սահակաշվիլիի և Զելենսկու սցենարը. Տիգրան Քոչարյան

Հայ ժողովրդին թշնամու առջև մեն-մենակ է թողել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և շարունակում է դա անել իր ժամանակին նախագծված հակառուսական ճանապարհային քարտեզով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«ՀՀ-ն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը ոչ միայն դադարի լինել ՀՀ դաշնակիցը, այլ նաև տարբեր քայլերով թշնամացնում է Ռուսաստանին: Փաշինյանը Հայաստանում կրկնում է Սահակաշվիլիի և Զելենսկու սցենարը»,- ընդգծեց մեդիափորձագետը:

Tert.am-ի հարցին այն մասին, որ ռուսական կողմի արձագանքներն այս պահին դեռ սահմանափակվում են հայտարարություններով, ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանի արձագանքն ավելի կոշտ լինի, Քոչարյանը պատասխանեց.

«Ռուսաստանը կարող է ավելի կոշտ քայլերի գնալ և կարող է ընդհանրապես ոչինչ չանել՝ երկու տարբերակներն էլ Հայաստանի համար կործանարար են: Հայաստանը, մերժելով Ռուսաստանի հետ անվտանգային ճարտարապետությունը, ձեռք չի բերում այլ երկրների հետ նույն երաշխիքները և փաստացի միայնակ է մնում թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, որն արդեն Հայաստանի տարածքում կկարողանա անել այն ամենն, ինչ ցանկանա»:

Ըստ նրա՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների բարելավումն անվտանգային տեսանկյունից մեզ ոչինչ չի տալիս, որովհետև այն զենքերը, որը Ֆրանսիան տրամադրում է մեզ այս պահին, պատերազմական իրավիճակում այդքան էլ օգտավետ չեն լինի իրենց սակավության և մեր ընդհանուր պաշտպանական համակարգի մեջ ինտեգրված չլինելու պատճառով:

«Արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է գալ և հայտնվել մի տարածաշրջանում, որտեղ իրեն տարբեր պատճառներով չեն սիրում Հայաստանի հարևաններից երեքը + Ռուսաստանը: Եթե Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը չեն ընդունում Ֆրանսիայի ներկայությունն այստեղ, ապա կարող է կրկնվել այն, ինչ կրկնվեց հայկական Կիլիկիայում 1918-1921թթ, երբ Ֆրանսիան ստացավ մանդատ և բարեհաջող 21թ-ին դուրս եկավ հայերին թողնելով մենակ թուրքերի առջև: Հիմա Ֆրանսիայի տակ գտնվող միայն մեկ հայկական Վագիֆլի գյուղն է: Արդյո՞ք այս անգամ կկրկնվի «Մուսա լեռան 40 օրը», երբ ֆրանսիական նավն ուղղակի կգա փրկելու ապրող հայերին»,- եզրափակեց Քոչարյանը:      

https://www.tert.am/am/news/2024/04/01/tigran-kocharyan/4102059