Վերլուծություն- Երևանն ուկրաինական սցենարի կրկնության ճանապարհի՞ն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i249454-Վերլուծություն_Երևանն_ուկրաինական_սցենարի_կրկնության_ճանապարհի_ն_է
Ռուսաստանից դեպի Եվրամիություն և ԱՄՆ Հայաստանի ավելի ընդգծված շրջադարձը չի կարելի դիտարկել պարզապես որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության դիվանագիտական առաջնահերթությունների փոփոխություն։
(last modified 2026-08-26T12:59:40+00:00 )
Օգոստոս 26, 2026 16:26 Asia/Tehran
  • Վերլուծություն- Երևանն ուկրաինական սցենարի կրկնության ճանապարհի՞ն է

Ռուսաստանից դեպի Եվրամիություն և ԱՄՆ Հայաստանի ավելի ընդգծված շրջադարձը չի կարելի դիտարկել պարզապես որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության դիվանագիտական առաջնահերթությունների փոփոխություն։

 Դա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերադասավորման գործընթացի մի մասն է, որի շրջանակում Երևանը, Մոսկվայի գլխավորած անվտանգության մեխանիզմների նկատմամբ վստահության նվազումից հետո, փորձում է գտնել նոր հովանավորներ և գործընկերներ։
Եվ հարց է առաջանում՝ Արևմուտքը պատրաստ և ի վիճակի՞ է ստանձնել Հայաստանի շրջադարձի անվտանգության գինը, թե՞ Երևանը, առանց անվտանգության լուրջ եերաշխիքներ ստանալու, ի վերջո կհայտնվի գերտերությունների մրցակցության կիզակետում։

Հղում անելով «Մարդմասալարի» թերթին P ars Today-ը հաղորդում է, որ ըստ Հայաստանի կառավարության՝ 2026-2031 թվականների նոր ծրագրի՝ Ռուսաստանի դերը Երևանի արտաքին քաղաքականության մեջ նվազել է, մինչդեռ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ավելի մեծ նշանակություն է ստացել։ Փաստաթղթից ՀԱՊԿ անվանման դուրսբերումը, ռուսական ռազմական մեխանիզմների նկատմամբ շեշտադրումների նվազեցումը և եվրոպական կառույցներին մերձենալու փորձերը վկայում են Հայաստանի ռազմավարական ուղղության փոփոխության մասին։ Այս գործընթացի արմատները պետք է փնտրել վերջին տարիների անվտանգային զարգացումների ընթացքում Մոսկվայի և ՀԱՊԿ-ի գործունեությունից Երևանի դժգոհության մեջ։

Միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսանկյունից՝ պետությունները նոր դաշինքների են ձգտում այն ժամանակ, երբ նախկին դաշնակիցն այլևս ի վիճակի չէ ապահովել իրենց ակնկալած անվտանգությունը։ Փաշինյանի ընկալմամբ՝ Ռուսաստանը չի կարողացել ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը, և հենց այդ ընկալումն էլ հիմք է ստեղծել Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման քաղաքականության համար։
Սակայն այստեղ կա հակասություն․ Ռուսաստանից կախվածության նվազեցումն ինքնին դեռևս չի նշանակում անվտանգության աճ, եթե դրա փոխարեն չառաջարկվեն վստահելի և գործնական անվտանգության երաշխիքներ։

Հենց այս տեսանկյունից է կարևոր դառնում Հայաստանի և Ուկրաինայի համեմատությունը։ 2014 թվականի ճգնաժամից հետո Ուկրաինան աստիճանաբար սկսեց շարժվել դեպի արևմտյան կառույցներ, սակայն այդ ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ չէր և չէր օգտվում դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածով նախատեսված անվտանգության երաշխիքից։ Արդյունքում երկրում խորացավ Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական մրցակցությունը։
Իհարկե, Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակները նույնը չեն, և այս երկու գործընթացները չի կարելի մեխանիկորեն նույնացնել։ Այնուամենայնիվ, երկու դեպքերում էլ հնարավոր է ուսումնասիրել գերտերությունների մրցակցության նույն տրամաբանությունը։

Ավելի լուրջ խնդիր է աշխարհագրությունը։ Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է և ունի սահմանափակ ռազմավարական խորություն։ Մի կողմից՝ երկիրը պատմական և անվտանգային խնդիրներ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը տասնամյակների ընթացքում կապվել է Ռուսաստանի հետ։ Հետևաբար, Մոսկվայից կախվածության արագ նվազեցումը կարող է առաջացնել այնպիսի ծախսեր և ռիսկեր, որոնց փոխհատուցումը Արևմուտքի համար հեշտ չի լինի։

Առանձնահատուկ նշանակություն ունեն նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Որքան ավելի սրվի Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը Հարավային Կովկասում, այնքան կմեծանա Հայաստանի՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մրցակցության հարթակի վերածվելու հավանականությունը։ Անվտանգային և տնտեսական մարտահրավերները նման փոքր պետության համար կարող են զգալի ռիսկեր պարունակել։
Այս զարգացումները ռազմավարական նշանակություն ունեն նաև Իրանի համար։ Թեհրանը շահագրգռված է այլ երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերի ընդլայնմամբ, սակայն Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ արտատարածաշրջանային ուժերի ներկայության աճը կարող է անվտանգային նոր վտանգներ պարունակել։

Նման իրավիճակում Հայաստանի և Իրանի տնտեսական, տարանցիկ ու էներգետիկ համագործակցության խորացումը կարող է նպաստել տարածաշրջանային հավասարակշռության պահպանմանը և նվազեցնել Երևանի կախվածությունը որևէ առանձին ուժային կենտրոնից։
Ի վերջո, Փաշինյանի կառավարության իրական փորձությունը ոչ թե Արևելքի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելն է, այլ այդ երկու կենտրոնների միջև Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը պահպանելու կարողությունը։

Եթե Երևանին հաջողվի խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ տնտեսական կապերը և հարևանների հետ կառուցողական հարաբերությունները, ապա ներկայիս շրջադարձը կարող է վերածվել արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիայի։ Հակառակ դեպքում մեկ կախվածությունից հեռանալը և նոր կախվածության մեջ հայտնվելը ոչ թե անկախության ձեռքբերում, այլ կախվածության ուղղության պարզապես փոփոխություն կլինի։