Ազատություն քաղբանտարկյալներին. ՀՀ ԱԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է
ՀՀ ԱԳՆ–ի դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում։ Այսօր ՀՀ է ժամանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են նրան ցույց տալ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, «Յութուբով» հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հետ բերել է թուրքական արտադրության լամպ։
«Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ն համարում է ժողովրդավարության փարոս, այս թուրքական արտադրության լամպը նրա փարոսն է, քանի որ այն լույս է տալիս և աշխատում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար»,– հայտարարեց նա։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ իրենց այսօրվա իրազեկման ակցիան վերաբերում է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը։
Sputnik.